Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Ե՞րբ է վերադառնալու Սոկրատեսը

Ե՞րբ է վերադառնալու Սոկրատեսը
28.08.2009 | 00:00

ԾՈՒՌ ՀԱՅԵԼԻ
-Ինչո՞ւ Սոկրատեսն իր կյանքն ավարտեց ցիկուտա խմելով:
-Որովհետև ասում էր` մեղավորի որոնումները սկսիր ինքդ քեզնից:
-Մի՞թե սխալվում էր:
-Ոչ, բոլորին էր ասում` սկսած արքայից:
-Արքան մեղավո՞ր էր:
-Անմեղ արքաներ չեն լինում:
-Արքան համաձայն չէ՞ր:
-Սոկրատեսը նաև ասում էր` ճանաչիր ինքդ քեզ:
-Արքան վախենո՞ւմ էր ինքն իրեն ճանաչելուց:
-Բոլորն են վախենում:
-Սոկրատեսը չէ՞ր վախենում:
-Ցիկուտա խմելուց հետո` ոչ:
Այս երկխոսությունը գուցե եղել է, գուցե` ոչ: Ավելի շուտ` եղել է: Եվ բնավ էլ կարևոր չէ` ինչո՞ւ Սոկրատեսը կյանքն ավարտեց թույնի բաժակով, որ նրան տվեց իր հայրենի քաղաքի իր դաստիարակած հասարակությունը: Կարևորը, որ Սոկրատեսն ընդհանրապես եղել է: Կարևորը, որ նա մարդկանց սովորեցրել է մտածել: Կարևորը, որ նա մարդկանց սովորեցրել է ազատ ապրել, ոչ թե բացատրելով ազատության ու անազատության ճիշտն ու սխալը, լավն ու վատը, այլ ուղղակի ազատ ապրելով:
Ի վերջո, կարևորը, որ Սոկրատեսն իր կյանքով ու իր մահով մարդկանց առաջ դրեց հայելի, այն հայելին, որ նրանք իրենց ներսում բարեհաջող փշրում էին, որ ազատ լինեն, իսկ այդ հայելին չէր փշրվում...
Իսկ Դիոգենեսն ապրում էր տակառում:
Այս ամենը եղել է Աթենքում, մ.թ.ա. 469-399 թթ.:
Իսկ ի՞նչ է փոխվել: Ժամանակները: Միանշանակ` ժամանակները միայն: Իսկ փոխհարաբերություննե՞րը: Բոլորովին: Այսօր էլ շատ հանգիստ մենք ցիկուտա ենք մատուցում բոլոր նրանց, ովքեր մեզ նման չեն մտածում: Այսօր էլ մենք խուսափում ենք ինքներս մեզ ճանաչելուց ու մեղավորի որոնումները մեզնից սկսելուց: Որովհետև շատ ավելի հեշտ է սեփական սխալների համար ուրիշին մեղադրել, և ուրիշին ճանաչելն ավելի հեշտ է: Սովորաբար:
ՈՒ այդ պատճառով էր Դիոգենեսն ապրում տակառում:
Իսկ հիմա փորձենք յուրաքանչյուրի առանձնահատկություններն ընդհանրացնել և անհատների միավորումով ստանալ հասարակության պատկերը: Ի՞նչ իդեալներ ու արժեհամակարգ ունի այսօր հասարակությունը, ո՞րն է համարում իր կյանքի իմաստն ու ընդհանրապես իմաստավորո՞ւմ է իր գոյությունը, թե՞ կյանք է` ապրում է մինչև ինչ լինում է` լինի:
ՈՒնե՞նք մենք այդ հայելին եթե ոչ մեր ներսում, ապա գոնե մեր դիմաց:
Ո՛չ: Ցավալիորեն` ո՛չ:
Որովհետև մենք մոռացել ենք, մենք ուրացել ենք, մենք չենք գիտակցում Սոկրատեսի անհրաժեշտությունը: Մենք այլևս հասարակություն չենք, շատ պայմանականորեն, միայն թվաքանակի բերումով է հնարավոր համարել հասարակություն մարդկանց այն համախումբը, որն այսօր շրջապատում է մեզնից յուրաքանչյուրին, որովհետև մենք չունենք ընդհանրություններ, մենք չունենք միասնականության այն շաղախը, որ միավորում է անհատներին ու ստեղծում վայր, ժամանակ, հանրություն հասկացությունները, որ իմաստավորում է այդ վայրի ու այդ ժամանակի բնակիչների ապրած դարաշրջանը, հետք թողնում պատմության մեջ:
Մենք դադարել ենք մտածելուց:
Այդպես հեշտ է ապրել: Ինքնահոսի: Ինքնաբերաբար:
Ինչո՞ւ: Որովհետև ոչինչ չի փոխվում:
Ինքնակա մեր գոյությունը մենք նաև արդարացնում ենք` կյանքը դժվար է, ապրուստը` ծանր, ու հետո` մենք ի՞նչ կարող ենք անել, մեր ձեռքին ի՞նչ կա, մեզ ո՞վ է նայում, մեզ ո՞վ է լսում, մենք ո՞վ ենք, որ ինչ-որ բան փոխենք: ՈՒ քանի այդպես մտածում են գերակշռող թվով մարդիկ, փաստորեն` մեծամասնությունը, հենց այդպես էլ ստացվում է, բայց փորձե՞լ եք հակառակը մտածել, փորձե՞լ եք հակառակը զգալ ու այդ զգացողությամբ առավոտյան Աստծուն փառք տալ` եղածի և ունեցածի համար, հետո օրը շարունակել եղածից ու ունեցածից ոչինչ չկորցնելով ու ավելացնելով եղածին ու ունեցածին: Ոչ նյութական, ոչ շոշափելի` փող-ապրանք-փող բանաձևից դուրս ինչ-որ բան` զգացում, գիտելիք, արարք, որոշում, ապրում, խոսք, քայլ, որից հետո հաստատ ինչ-որ բան փոխվել է: Հանրահայտ է` այն հասարակությունը, որ իր կողքին չի տեսնում բարին, գեղեցիկը, լուսավորը, գնում է դեպի ինքնամերժում, այն հասարակությունը, որ տեսնում, գնահատում, վերարտադրում է բարին, գեղեցիկը, լուսավորը, հասնում է ինքնահաստատման համամարդկային մակարդակում: Իսկ մենք մեզնից դուրս ի վիճակի՞ ենք որևէ ճիշտ ու կարևոր բան գտնել: Շատ քչերս: Որովհետև մեր գերակշռող մասը հոգում այլևս երկինք չունի ու ոտքի տակ նայելով է անցկացնում օրվա 24 ժամերը` պատկերացում իսկ չունենալով, որ այդ 24 ժամերի մեջ ինքն ունի իր 25-րդ ժամը, որ ձևավորվում-ձուլվում է 24 ժամի մեջ ապրած ու հետո կրկնվող երջանկության, խաղաղության ու կատարելության միայն իր, միայն անձնական, միայն սեփական րոպեներից, ու երկարացնում է իր կյանքը: Մենք այդ մասին չենք մտածում, մենք հավերժաբար շտապում ենք հասցնել, լինել, ունենալ, կարողանալ: Դա, իհարկե, հրաշալի է ու ճիշտ է, բայց եթե գիտենք` ի՞նչ ու ինչո՞ւ, գիտենք` ինչպե՞ս ու հանուն ինչի՞: Այլապես ստացվում է սկյուռիկի նույն խելահեղ վազքը անվի մեջ, որ պտտվում է...
Որքա՞ն պիտի Դիոգենեսն ապրի տակառում:
Չարացածության ու անհանդուրժողականության, խոսքի ու գործի լիակատար հակասության այս ներհակությունն այն ճանապարհն է, որ դժոխք է ստեղծում մեր շուրջը, բայց դա դեռ դժբախտության կեսն է, այդ կենսակերպի տևականությունը դժոխքը ստեղծում է մեր մեջ, ու մենք ապրում ենք` մեր մեջ ունենալով ոչ թե կենսահաստատ խաղաղության զգացումը, այլ կենսամերժ պատերազմի, որով ինչ-որ բանի իբր պիտի հասնենք` տեղ արևի տակ բանաձևով, որ շատ հաճախ ընդամենը գոյության տարրական միջոցների ապահովումն է նշանակում: Ընդամենը: Եվ` մեր ճշմարտացիության անխախտ գիտակցության հիմնաքարն է: Այդպես է, որովհետև ի սկզբանե սխալ են մեր արժեքները: Ի վերջո, լավ ու վատ աշխարհում գոյություն չունի, լավը կամ վատը որոշում է մեր գիտակցությունը, մեր վերաբերմունքը, մեր գնահատականը: Իսկ մեր գիտակցությունը, վերաբերմունքը ու գնահատականն աղավաղված են, որովհետև հասարակարգից հասարակարգ ու հազարամյակից հազարամյակ մեր անցման ընթացքում մենք, ինչպես բնորոշ է բոլոր մարդկանց, առաջնությունը տվեցինք տեսանելի, շոշափելի ու նյութական արժեքների ձեռքբերմանը, որոնք կենսական առաջին անհրաժեշտություն էին, որոնք ավելի քան հասկանալի էին, որոնց ստեղծելը ավելի հեշտ էր, առանց որոնց չէինք կարող ապրել` մեր կարծիքով: Այդպես մենք իսպառ մոռացանք, մերժեցինք, հերքեցինք, մեր կարծիքով` հոգևորի, հոգեկանի ու ոգու գոյությունը, որը հնարավոր չէր տեսնել, շոշափել ու նյութ չէր կարող դառնալ մեզ նման ապրողների համար: ՈՒ` հիմա հատուցում ենք: Մարդն ամբողջությունն է նյութականի ու հոգևորի, մենք կիսատել ենք մեր եսը և ուզում ենք ամբողջական լինել: Այդպես չի լինում: Վերադարձնել է պետք լույսը, բարին ու գեղեցիկը, որ վտարել ենք` հեշտ ապրելու համար:
Դիոգենեսը հոգնել է տակառում ապրելուց: Նա կարող է հեռանալ:
Այս ամենն իրականում շատ պարզ ու հասկանալի է, բայց շատ դժվար է իրականություն դարձնել: Այս մատերիան այնքան նուրբ ու այնքան տարողունակ է, որ մարդու գիտակցությունը նրա հզորության առաջ ինքն իր անզորությունից փորձում է պարզապես չտեսնելու ու չլսելու տալու հեշտ ուղին գտնելով` գնալ: Ապարդյուն ջանքեր: Դա նույնիսկ փակուղի չէ, դա նույնիսկ թունել չէ, դա ինքնասպանություն է: Այս ամենը քիչ թե շատ հասկանալի ու կառավարելի դարձնելու համար ի սկզբանե մարդիկ հնարել են անհատ, հասարակություն, իշխանություն, ընդդիմություն, կառավարման ձևեր ու շատ այլ հասկացություններ: Հնարել են ու խճճվել, որովհետև հընթացս նաև մոռացել են ելակետի ու վերջնակետի խնդիրները: Բայց դա դեռ ոչինչ չի նշանակում` մեզ ամեն ինչ էլ տրված է, ընկալումն է պակասում, ընտրության ուժը, մի քիչ էլ հավատարմությունն ինքներս մեզ, մի քիչ էլ սերը, որ շաղախում է ամեն ինչ ու դարձնում անհաղթահարելի, անխուսափելի, անդիմադրելի: Սերը, որ Սոկրատեսին ստիպեց ցիկուտա խմել, բայց չհրաժարվել իր սկզբունքներից ու իր ճշմարտությունից, սերը, որ Սոկրատեսին ստիպեց հրաժարվել բանտից փախչելու` բարեկամների ստեղծած հնարավորությունից, որովհետև բանտում նա ազատ էր, իսկ այդ գնով ձեռք բերած ազատության մեջ իրեն բանտված էր զգալու:
-Ինչո՞ւ Սոկրատեսն իր կյանքն ավարտեց ցիկուտա խմելով:
-Որովհետև ասում էր` մեղավորի որոնումները սկսիր ինքդ քեզնից:
-Մի՞թե սխալվում էր:
-Ոչ, բոլորին էր ասում` սկսած արքայից:
-Արքան մեղավո՞ր էր:
-Անմեղ արքաներ չեն լինում:
-Արքան համաձայն չէ՞ր:
-Սոկրատեսը նաև ասում էր` ճանաչիր ինքդ քեզ:
-Արքան վախենո՞ւմ էր ինքն իրեն ճանաչելուց:
-Բոլորն են վախենում:
-Սոկրատեսը չէ՞ր վախենում:
-Վախենում էր` ասում էր. «Ես գիտեմ, որ ես ոչինչ չգիտեմ»:
-Հետո ի՞նչ եղավ:
-Աթենացիներն ընդունեցին, որ սխալվել են ու 501 երդվյալներին, որ մեղադրել էին Սոկրատեսին երիտասարդներին այլասերելու, աստվածներին չճանաչելու ու նոր աստվածներ ստեղծելու մեջ, պատժեցին:
-Նրա՞նց էլ ցիկուտա խմել պարտադրեցին:
-Նրանք չխմեցին` նրանք մեղավոր էին:
-Հետո՞ ինչ եղավ:
-Սոկրատեսը խոստացավ վերադառնալ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3634

Մեկնաբանություններ